Ավստրիա

Հայերը Ավստրիայում

Ռազմիկ Թամրազյան-Հարթունյան

 

Երևելի հայերը Ավստրիայի հայ համայնքի պատմության մեջ

 

Ավստրիայում անհատ հայեր ապրել են դեռ միջին դարերից. նրանցից ոմանք նույնիսկ զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ: Ներսես Վարդապետը ԺԷ դարում եղել է պալատական տաներեց (Hofkaplan), ԺԸ դարում Օգոստինոս Աղամալյանը գործել է իբր Ավստրիայի Արքունի թարգմանիչ: Հայերը որպես համայնք Ավստրիայում կազմավորվել են 17-րդ դարում՝ Մարիա Թերեզիա թագուհու գահակալության օրոք։ Այդ օրերի մարդահամարի համաձայն Վիեննայում ապրում էր 21 հայ ընտանիք:

 

17-րդ դարի ավարտին Վիեննայում է ապրել հայազգի Հովհաննես Աստվածատուրը (Յոհաննես Դիոդաթո, Johannes Diodato, 1640-1725), որն ավստրիական աղբյուրներում հավաստի փաստերով համարվում է Վիեննայում առաջին սրճարանի (1685) հիմնադիրը:

 

Հայերի ավելի ստվար խումբ Ավստրիայում է հաստատվել 19-րդ դարասկզբին, երբ 1810  թվականին Վիեննա տեղափոխվեցին Վենետիկի Մխիթարյան Միաբանությունից անջատված Մխիթարյան միաբանները:

 

19-րդ դարավերջին Ավստրիայի կայսերական համալսարանում գրաբար և արաբերեն է դասավանդել Կարապետ Գույումջյանը, գորգերի առևտրով է զբաղվել անվանի վաճառական հայազգի Զատիկ Փոփովիչը: Հայորդի Ներիման Խան անունով դիվանագետը պաշտոնավարել է Ավստրիայում՝ որպես Պարսկաստանի դեսպան:

 

Վիեննայի 15-րդ թաղամասում է ապրել և աշխատել ավստրիացիների կողմից շատ սիրված ու հարգված բժիշկ Ստեփան Ավետիքը (Stephan Avedik, 1804-1884), որի անունով էլ իր մահվանից տասը տարի անց՝ 1894թ-ին, անվանվել է այն պողոտան, որում նա բնակվել է (Avedikstrasse, 1150): Համաշխարհային առաջին պատերազմից հետո Ավստրիայում ապաստան են գտել մի քանի տասնյակ հայ ընտանիք Օսմանյան կայսրության մաս կազմող Արևմտյան Հայաստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռումինիայից և Լեհաստանից: Այդ ժամանակներից սկսած հիշատակության արժանի են գորգավաճառության և գորգագործության ոլորտում աչքի ընկած հայկական առևտրական տների ավանդը, որոնք ավստրիացիների կողմից որակվել են որպես «վստահելի և ազնիվ առևտրականներ»:

 

Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո Վիեննայի պետական թատրոնի ղեկավարումը վստահվել էր հայազգի Ռաուլ Ասլան(յան)ին, (Raoul Aslan 1886-1958), որը շատ հարգված դերասան և բեմադրիչ էր: Նա համարվում էր հետպատերազմյան առաջին տասնամյակի Վիեննայի պետական թատրոնի վերակազմության և փայլուն հաջողության դերակատարը: Այսօր նրա կիսանդրին զետեղված է Վիեննայի պետական թատրոնի (Burgtheater) մուտքի շքասրահում, իսկ շիրիմը գտնվում է Վիեննայի 19-րդ թաղամասի գերեզմանատան պանթեոնում:

 

 

 

Ավստրիահայ համայնքի վերակազմավորումը

 

1950-ական թվականներին Ավստրիայի աշխարհահռչակ համալսարաններում ուսում ստանալու մտադրությամբ Ավստրիա են գալիս մեծ թվով հայ ուսանողներ Իրանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Թուրքիայից, արաբական երկրներից. նրանց մի մասն ուսման ավարտից հետո որոշում է այստեղ հաստատել մշտական բնակություն:

 

1960-ական թվականներին Ավստրիայի պետության թույլտվությամբ «հյուր աշխատաուժի» կարգավիճակով Ավստրիա են տեղափոխվել մեծ թվով հայ ընտանիքներ Թուրքիայի Հանրապետությունից:

 

1967 թվականից Միացյալ ազգերի կազմակերպությունն իր երեք նստավայրերից մեկն ընտրում է Վիեննան, որտեղ տարբեր տարիների ընթացքում զանազան պաշտոններով (ղեկավարից մինչև առաքիչ) աշխատանք են գտնում 50-ից 60 հայազգի մասնագետներ, որոնք իրենց ընտանիքների հետ միասին աշխարհի տարբեր ծայրերից տեղափոխվում են Վիեննա։

 

 

 

Դեպի Ավստրիա հայերի մեծ հոսք է գրանցվում նաև անցյալ դարի 70-ական թվականներին, հիմնականում Իրանից և Լիբանանից՝ այդ երկրներում քաղաքական պատերազմների և կացության համար անբարենպաստ պայմանների հետևանքով: 1990-ականների սկզբին մշտական բնակություն հաստատելու նպատակով Ավստրիա են տեղափոխվում հայեր նախկին Խորհրդային Միության տարածքից՝ հիմնականում Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ադրբեջանից:

 

 

 

2017թ. դրությամբ հայերի թիվը Ավստրիայում տատանվում է 6-7 հազարի միջև, որոնց մեծ մասը զբաղված են առողջապահության, գիտության, շինարարության, փաստաբանության, երաժշտության, մամուլի ու հրատարակչության, գեղարվեստի բնագավառներում: Նրանց ճնշող մեծամասնությունը բնակվում է մայրաքաղաք Վիեննայում և նրա արվարձաններում (Բադեն բայ Վին, Վիներ Նոյշտադտ և այլ), փոքրաթիվ քանակությամբ հայեր հաստատվում են Գրաց, Զալցբուրգ, Լինց, Քլագենֆուրթ, Իննսբրուք և այլ քաղաքներում:

 

 

 

 

 

Ավստրիահայ եկեղեցական համայնքները

 

Հայ կաթոլիկ համայնք

 

Հայկական հոգևոր արժեքների պահպանման և հայագիտության ուսումնասիրության ոլորտում գիտակրթական կարևոր կենտրոն է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որի վանքը՝ իր հարուստ թանգարան-մատենադարանով ու եկեղեցիով, գտնվում է Վիեննայի յոթերորդ թաղամասի սկզբում:

 

2011թ. նշվեց Վիեննայի կաթոլիկ եկեղեցու և միաբանության 200-ամյակը, ինչը թույլ է տալիս Մխիթարյաններին դիտել որպես Ավստրիայում հայ ամենահին եկեղեցական համայնք: Ցայսօր գործող միաբանության մատենադարանում պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, հայ պարբերական մամուլի, ինչպես նաև հայկական մետաղադրամների, հայ նկարիչների հարուստ հավաքածուներ: Միաբանությանն է պատկանում նաև հազվագյուտ ցուցանմուշներով հարուստ թանգարանային ցուցադրություններ:

 

Այսօր Վիեննայի Մխիթարյան Միաբանությունը վերամիավորվել է Վենետիկի Մխիթարյան Միաբանության հետ։ Ընդհանուր Աբբահայրի նստատեղին գտնվում է Վենետիկում, իսկ Վիեննայի Միաբանությունը ղեկավարում է վանահայր-աբբահայրը: 1992 թվականից Վիեննայի Մխիթարյան Միաբանության աբբահայրն է Պողոս վարդապետ Քոջանյանը:

 

 

 

Հայ առաքելական համայնք

 

Ավստրիայում գործող Հայ առաքելական եկեղեցական համայնքը միշտ էլ ունեցել է իր հոգևոր և աշխարհիկ ղեկավարությունը: Վիեննան Հայրապետական Պատվիրակի և հոգևոր հովվի նստավայրն է, որտեղ և որ իր գործունեությունն է իրականացնում Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչությունը:

 

20 դարի ընթացքում ավստրիահայերի թվի աճն իր դրական ազդեցությունն ունեցավ համայնքի հիմնական և կարևոր խնդրի՝ հայապահպանման գործի արդյունավետ կազմակերպման հարցում: Համայնքի առջև ծառացած այդ հիմնական խնդրի լուծման համար անհապաղ և անհրաժեշտ դարձավ Հայ առաքելական եկեղեցու հովվության, հասարակական և մշակութային մի շարք կազմակերպությունների բարեկարգման կամ նույնիսկ հիմնադրման հարցը, որի արդյունքում Ավստրիայի հայ համայնքի ազգային կյանքը ստացավ ավելի աշխույժ գործունեության պատկեր:

 

 

 

1912-1913 թթ. Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վերակազմակերպված համայնքի «եկեղեցական միությանը» հաջողվում է Վիեննայի կենտրոն թաղամասում (Wien I, Dominikanerbastei 10) հիմնել մի գողտրիկ մատուռ՝ գործուն հոգևոր հովիվ ունենալով այդ առթիվ Ռումինիայի Սուճավա քաղաքից Վիեննա հրավիրված Արիստակես քահանա Ֆէսլյանին, որն իր հետ է բերում նաև տեղի եկեղեցու հոգևոր պաշտամունքի գրքեր ու անոթներ։ Դրանք օգտագործվում են մինչև այսօր:

 

 

 

Նկատի ունենալով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սուճավայի Հայ Առաքելական համայնքը գրեթե կազմալուծված էր, կարելի է Վիեննայի Սուրբ Փրկիչ մատուռը համարել Սուճավայի Հայ Եկեղեցու օրգանական շարունակությունը: 1923թ. Ավստրիայի հոգևոր հովվության է հրավիրվում դարձյալ Ռումինիայից Տեր Եղիշե քահանա Ություճյանը (հետագայում ծայրագույն վարդապետ), որը շուրջ 35 տարի ամենայն բարեխղճությամբ և անձնվիրությամբ ծառայում է Ավստրիայի և Գերմանիայի հայ համայնքներին: Տեր Եղիշե Ություճյանի վախճանից հետո մի քանի տարի Վիեննայի հայ համայնքը մնում է առանց մշտական հոգևոր հովվի և կրոնական ծեսերն ու հանդիսությունները կատարելու համար օգտվում է այլ երկրներից այստեղ հրավիրվող հոգևորականների ծառայություններից: 1962թ. ավստրիահայոց հոգևոր հովվությունը ստանձնում է Մեսրոպ վարդապետ (հետագայում եպիսկոպոս, ապա՝ արքեպիսկոպոս) Գրիգորյանը:

 

1964թ. վիեննահայ մի խումբ անձանց նյութական աջակցության շնորհիվ Վիեննայի 3-րդ թաղամասում (Wien III, Kolonitzgasse 11) ձեռք է բերվում ազգային կալվածք, նպատակ ունենալով այստեղ կառուցել Վիեննայի Հայ առաքելական համայնքի առաջին եկեղեցին: Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի միջնորդությամբ լոնդոնաբնակ տիկին Հռիփսիմե Հալաճյան-Թրիքն՝ ի

 

հիշատակ իր ծնողների, հանձն է առնում հոգալու նորակառույց Սուրբ

 

Հռիփսիմե եկեղեցու շինարարական ծախսերը: 1965թ. սկսված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շինարարությունը (Ճարտարապետ Էդվարդ Սարապյան, Երևան)

 

ավարտվում է 1968 թվականին և պաշտոնական հանդիսությամբ օծվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

 

2013 թվականից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ կենտրոնական Եվրոպայի և սկանդինավյան երկրներում հայրապետական պատվիրակի պաշտոնատար է նշանակվում հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, որը 2014թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստանում է վարդապետական ձեռնադրություն և օծում՝ հաջորդելով նախկին հայրապետական պատվիրակ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին:

 

 

 

Ավստրիահայ համայնքի ինքնակազմակերպման ուղին

 

1981թ. Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչության ջանքերով, ի շարունակություն նախ եկեղեցական վարչության, ապա՝ ավստրո-հայկական մշակութային ընկերության, մինչ այդ կազմակերպած հայերեն մասնավոր և կանոնավոր դասընթացների, հիմնվում է համայնքի մինչ այժմ միակ շաբաթօրյա «Հովհաննես Շիրազ» հանրակրթական դպրոցը:

 

Համայնքի ազգային կյանքը խթանելու, ավստրիահայ երիտասարդ սերնդին օժանդակելու, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գաղթօջախների հետ կապեր հաստատելու նպատակով Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ և միություններ, ինչպես օրինակ, Հայ բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1910/1960 թթ.), Հայ ուսանողական և երիտասարդական միությունը (հիմն.՝ 1921/1960 թթ.), Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը (հիմն.՝ 1974թ.), Հայաստան համահայկական հիմնադրամի «Ավստրիայի միասնականություն» տեղական մարմինը (հիմն.՝ 1992թ.), Հայ մարմնակրթական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1989թ.), «Արարատ» հայկական մարզական միությունը (հիմն.՝ 1983/2009 թթ.):

 

 

 

Այս աշխուժությանը մեծ խթան հանդիսացավ Հայաստանի անկախությունից անմիջապես հետո Վիեննայում բացված Հայաստանի Հանրապետության դեսպանության առկայությունը, որը 1992թ. ի վեր գործուն մասնակցություն ունի ավստրիահայ համայնքի մշակութային, հասարակական, գիտակրթական կյանքում, և կամրջի դեր է ստանձնել Ավստրիայում բնակվող հայ սփյուռքի և Հայաստանի միջև, ավստրիահայերի ձայնը լսելի դարձնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավստրիայում գտնվող հայկական հիմնական հուշակոթողներ

 

1984թ. ազգային բարերար Կարպիս Փափազյանի առատաձեռն նվիրատվության, Ավստրիայի և արտերկրի հայրենակիցների ինքնաբուխ նյութական օժանդակության շնորհիվ Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվում է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթող հուշարձանը (հեղ.՝ ճարտարագետ Ռազմիկ Թամրազյան-Յարթունյան):

 

1986թ. Ավստրո-հայկական մշակութային ընկերությանը հաջողվում է հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի գերեզմանին տեղադրել հայկական մի գեղեցիկ խաչքար, որ ստանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառից՝ վերջինիս հայրական օրհնության հետ մեկտեղ:

 

1994, 1998 և 2004 թվականներին հաջորդաբար Ավստրո-հայկական մշակութային ընկերության ջանքերի շնորհիվ նախ Ավստրիայի Քլագենֆուրտ քաղաքի աշխարհահռչակ «Մինի Մունդուս» մշտական ցուցահանդեսի տարածքում տեղադրվում է Ս. Էջմիածին Մայր Տաճարի 1/25-ի մանրակերտը (1994թ.), ապա Վիեննայի Շիլլեր հրապարակում կանգնեցվում է Ֆրանց Վերֆելի հուշարձանը (1998թ.) (ճարտարապետ՝ Ռոլանդ Մարտիրոսյան, Երևան, քանդակագործ՝ Վահան Պետրոսյան, Երևան), Վիեննայի քաղաքապետարանի աջակցությամբ Վիեննայի 4-րդ թաղամասում բացվում է նաև մի պուրակ, ի մեծարանք քաղաքի առաջին սրճարանի հայազգի հիմնադիր Հովհաննես Աստվածատուրի, և անվանվում է Հովհաննես Աստվածատուրյան պուրակ (Johannes-Diodato-Park, 2004):

 

2011 թվականին Գրաց քաղաքի տեխնիկական համալսարանի հանդիսության սրահում աշխարհի տարբեր երկրներից նույն համալսարանում բարձրագույն ուսում ստացած հայ ուսանողների անունից տեղադրվում է  «Երախտագիտության և շնորհակալության» ցուցատախտակ:

 

2016 թվականի ապրիլի 24-ին Իննսբրուք քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը, որին մասնակցեցին Ինսբրուքի քաղաքային իշխանությունները, մեծ թվով ավստրիահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր