• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ. Ադրբեջանը շարունակում է վարել ապակառուցողական քաղաքականություն

28 դեկտեմբերի, 2012

NEWS.am-ի զրուցակիցը ԵԱՀԿ-ում, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն է.

Պարոն Կիրակոսյան, ինչ զարգացումներ տեղի ունեցան ԵԱՀԿ շրջանակներում անցնող տարվա ընթացքում

Հայաստանը շարունակեց արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՀԿ անդամ երկրների հետ կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ ամրապնդեց կազմակերպության հետ երկխոսությունն ու համագործակցությունը: 2012թ ընթացքում պաշտոնական այցով Հայաստան ժամանեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գերատեսչության ղեկավար Էամոն Գիլմորը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների խումբը: Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նշված այցերը կարեւոր նշանակություն ունեցան ԵԱՀԿ առաջնային խնդիրների քննարկման` այդ թվում, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ՀՀ մոտեցումների ներկայացման եւ այդ տեսակետից մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնում ձեւավորելու տեսակետից:

Միջազգային այլ կազմակերպությունների համեմատությամբ, որն է ԵԱՀԿ ներդրումը եւ դերակատարումը տարածաշրջանային խնդիրներում եւ 2012թ. ընթացքում ի՞նչ միտումներ արձանագրվեցին այս առումով:

Նախ եւ առաջ պետք է նշել, որ ԵԱՀԿ-ն ինքնին տարածաշրջանային կազմակերպություն է, որը համագործակցության խնդիրներին մոտենում է անվտանգության խնդիրների դիտակետից: ԵԱՀԿ-ն ծավալում է իր գործունեությունը երեք հարթություններում` քաղաքական եւ անվտանգության, տնտեսական եւ բնապահպանական, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոլորտներում: Անցնող տարում կարեւոր զարգացումներ արձանագրվեցին բոլոր այս հարթություններում, ինչն ամփոփվեց դեկտեմբերի 6-7-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած նախարարների համաժողովի ընթացքում, որին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարը: Անվտանգության հարթության շրջանակներում ընդունվեցին մի շարք հիմնարար փաստաթղթեր, որոնցից կառանձնացնեի Ոստիկանության եւ հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ որոշումների ընդունումը, որը կազմակերպությանը տրամադրում է ռազմավարական շրջանակ այս ոլորտում կոնկրետ համագործակցության ծավալման նպատակով: Տնտեսական ոլորտում ընդունվեց Լավ կառավարման վերաբերյալ հռչակագիրը, որը նույնքան հիմնարար փաստաթուղթ է ԵԱՀԿ մասնակից երկրների եւ կազմակերպության ստորաբաժանումների հետ լավ կառավարմանն ուղղված քաղաքականությունների համակարգման համար: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հարթությանը, ապա ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի, մասնակից երկրներին չհաջողվեց փոխըմռնման հասնել մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթ անելիքների վերաբերյալ, որը կարտացոլվեր համատեղ որոշումների մեջ: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ արդյունավետ համագործակցում է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների ու Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակների հետ: Որպես արդյունավետ համագործակցության օրինակ կարող եմ նշել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը: Խիստ դրական է նաեւ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի հետ համագործակցության խորացումը, որն ընթանում է ոչ միայն ներկայացուչության, այլեւ իշխանության բոլոր թեւերի, այդ թվում դատական իշխանության մակարդակներում` հանրապետության քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ: Տարվա ԵԱՀԿ կարեւոր նախաձեռնություններից էր նաեւ Հելսինկի+40 գործընթացի մեկնարկը, որի նպատակն է 2015թ. Հելսինկի Եզրափակիչ ակտի ընդունման 40 ամյակին ընդառաջ մասնակից երկրների միջեւ երկխոսության ակտիվացումն այն հաշվարկով, որ այդ երկխոսությունը մեզ առավել մոտեցնի Եվրատլանտյան եւ Եվրասիական միասնական համայնքի տեսլականին:

Ձեր նախանշված որոշումների ընդունումն ի՞նչ անմիջական ազդեցություն ունի ՀՀ-ի վրա, արդյոք այդ որոշումները, ինչպես հաճախ լինում է միջազգային կազմակերպություններում, առավել արտահայտո՞ւմ են համագործակցելու ցանկությունը քան իրական համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ-ի, որպես կազմակերպության հետ համագործակցությունը ՀՀ պարագայում բավականին ինստիտուցիոնալիզացված է, ինչը հնարավորություն է ընձեռում ընդունված որոշումներն իրականացնել Հայաստանում, մեր երկրի շահերի եւ կարիքների համաձայն: Ի տարբերություն ԵԱՀԿ մասնակից շատ այլ երկրների, Երեւանում գործում է ԵԱՀԿ գրասենյակը, որը զանազան ծրագրերի միջոցով կյանքի է կոչում ԵԱՀԿ համաձայնեցված որոշումներն ու մոտեցումները: Որպես օրինակ բերեմ ոստիկանական բարեփոխումներին ԵԱՀԿ ներդրումը: Նույնքան կարեւոր է լավ կառավարման ոլորտում ընթացող կանոնակարգիչ գիլյոտին ծրագիրը, որի նպատակն է երկրում ձեւավորել արդյունավետ եւ պարզեցված օրենսդրական դաշտ, ինչն իր հերթին կնպաստի գործարար միջազվայրի բարելավմանը: Ինչպես արդեն նշեցի, թե Ոստիկանության եւ թե Լավ կառավարման վերաբերյալ այս տարի ԵԱՀԿ շրջանակներում ընդունվել են որոշումներ եւ ակնհայտ է, որ այդ որոշումների հիմնական դրույթներն արտացոլվելու են Հայաստանում իրականացվող այս ծրագրերում:

ԼՂ խաղաղ կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Այս իրողությունն ի՞նչ ազդեցություն է ունենում ԵԱՀԿ աշխատանքներում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց գործունեության մեջ հաշվետու են ԵԱՀԿ-ին եւ նրանք տարեկան երկու անգամ հանդես են գալիս զեկույցներով ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Բացի այդ ԵԱՀԿ շրջանակներում է իր գործունեությունը ծավալում գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրժիկը, որը պարբերական դիտարկումներ է անցկացնում ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով: Հայաստանը մշտապես հանդես է եկել այս երկու կարեւորագույն ԵԱՀԿ մանդատների աջակցության դիրքերից` հասկանալով, որ ոչ բոլոր մասնակից երկրները, որոնք Մոնղոլիայի անդամ դառնալուց հետո ներկայումս արդեն 57-ն են, կարող են հավասարաչափ մասնակցել խնդրի կարգավորմանը եւ խնդրի կարգավորման առաջնային դերակատարներ եղել եւ մնում է միջազգային միջնորդների ընդունված ձեւաչափը, որը համանախագահում են ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիան: Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ առավել ընդհանուր շրջանակը կարող է օգտագործվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ չառնչվող խնդիրների շուրջ մասնակից այլ երկրների հետ մեկտեղ համագործակցության եւ ինչու չէ վստահության միջոցների կառուցման նպատակով: Ցավոք այստեղ նույնպես մենք Ադրբեջանի հետ ունենք տրամագծորեն հակառակ մոտեցումներ: Ադրբեջանը փորձում է օգտագործել ԵԱՀԿ շրջանակներում քննարկվող ցանկացած խնդիր ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում միակողմանի առավելություններ ստանալու նպատակով: Գործի է դրվում մասնակից երկրներին եւ կազմակերպության կառույցներին սեփական տեսակետները պարտադրելու ադրբեջանական դիվանագիտության միջոցների ընտրանին, որը ներառում է որոշումների ընդունման արգելափակումը, որոշումների տեքստում նախնականորեն անընդունելի եւ հակասական տարրերի ներմուծումը, կոնսենսուսը խախտելու սպառնալիքները եւ շանտաժը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումն Ադրբեջանը փորձում է քողարկել համանախագահների ինստիտուտի նկատմամբ քննադատությամբ եւ միջնորդական առաքելության շրջանակներն ընդլայնելու անպատասխանատու հայտարարություններով: Հատկանշական է, որ, խոսելով միջնորդական ձեւաչափի ընդլայնման մասին, Ադրբեջանը մեկ հանդես է գալիս Մինսկի խմբին, մեկ էլ ԵԱՀԿ ողջ կազմին միջնորդական ձեւաչափ հաղորդելու հայտարարություններով, ինչը ցույց է տալիս, որ ինչպես ԼՂ խաղաղ կարգավորման, այնպես էլ ԵԱՀԿ-ի ընդհանուր շրջանակներում Ադրբեջանը շարունակում է վարել ապակառուցողական քաղաքականություն:

Փաստացիորեն վարելով նմանօրինակ ապակառուցողական քաղաքականություն` Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս ապակողմնորոշել միջազգային հանրությունը, իսկ տվյալ պարագայում ԵԱՀԿ մասնակից երկրներին: Այդ տեսակետից, ո՞րն է ՀՀ քաղաքականությունն այս իրավիճակում:

Հայաստանը չի կարող նմանօրինակ գործելակերպին պատասխանել նմանօրինակ ապակառուցողական քաղաքականությամբ: Մենք հետեւողականորեն մերժում ենք ԵԱՀԿ աշխատանքների խոչընդոտման ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ներկայացնում է իր տեսակետներն ու մտահոգությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` օգտագործելով կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունները: Մասնավորապես, այս տարի հայկական կողմը, փոխարտգործնախարարի մակարդակով, երկու անգամ ներկայացրել է արտաքին քաղաքական մոտեցումները, այդ թվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, ԵԱՀԿ քաղաքական բարձր մարմիններում Անվտանգության եւ համագործակցության ֆորումում, ինչպես նաեւ Մշտական խորհդում: Երեք անգամ ՀՀ պատվիրակությունը քննարկումներ է ծավալել Մշտական խորդհրում ԵԱՀԿ եւ տարածաշրջանի համար կարեւրություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում Ռամիլ Սաֆարովի ներման, Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների եւ Հրանտ Դինկի սպանության դատավարության հարցերի շուրջ:

Դուք նշեցիք, որ ԵԱՀԿ-ում գոյություն ունի Եվրատլանտյան եւ Եվրասիական միասնական անվտանգության համայնք ձեւավորելու տեսլական: Արդյոք իրատեսակա՞ն է նման խնդրի հետապնդումը մի կազմակերպության մեջ, երբ գոյություն ունեն սեփական օրակարգը մյուսներին պարտադրելու նմանօրինակ ապակառուցողական մոտեցումներ:

Տեսլական արտահայտությունը միայն չի կարող բացատրվել այսօրվա իրականությամբ: Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ միջազգային կազմակերպությունները ստեղծվել են այդ իրականությունը փոխելու` վստահության կառուցման եւ հաշտեցման հնարավորություններ ստեղծելու նպատակով: Բաժանարար գծերից եւ հակամարտություններից զերծ միասնական համայնք ստեղծելու գաղափարը հենց այդպիսի տեսալական է, որը եթե նույնիսկ իրականություն չդառնա մոտ ապագայում, այնուհանդերձ հաստատում է, որ բաժանարար գծեր եւ հակամարտությունները պետք է հաղթահարվեն եւ կարգավորվեն` մոտեցում, որն ամբողջովին կիսվում է ՀՀ կողմից:

Պարոն Կիրակոսյան, բացի ԵԱՀԿ-ից միջազգային ո՞ր կառույցների հետ է համագործակցում Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Մշտական ներկայացուցչությունն ակտիվորեն համագործակցում է Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի կառույցների՝ Ատոմային էնեգիայի միջազգային գործակալության, Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության հետ: Սերտ համագործակցություն ենք ծավալում նաեւ OPEC-ի Զարգացման հիմնադրամի` OFID-ի հետ, Էներգիայի համայնք կազմակերպության հետ, որտեղ Հայաստանն անցյալ տարի ստացավ դիտորդի կարգավիճակ, ՄԱԿ-ի Միջազգային առեւտրի հանձնաժողովի` UNCITRAL-ի հետ, այս տարի Հայաստանը կրկին վերընտրվեց որպես հանձնաժողվի անդամ, Բաց տիեզերքի խաղաղ նկատակներով օգտագործման կոմիտեի` COPUOS-ի հետ: Վերջին կազմակերպությանն անդամակցության համար ինչպես Վիեննայում, այնպես էլ Նյու Յորքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները վարեցին երկարատեւ բանակցություններ եւ դիվանագիտական լայնածավալ աշխատանք` դիմակայելու Ադրբեջանի կողմից Հայաստանին միջազգային հարթակներից դուրս մղելու քաղաքականությանը: Ի վերջո Հայաստանն ադնամակցեց նաեւ այդ կոմիտեին: Համագործակցում ենք նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ այդ ոլորտի եւս մի քանի կազմակերպությունների հետ: Կազմակերպությունները շատ են եւ տարաբնույթ եւ ընդգրկում են հարցերի մի ընդարձակ սպեկտր` զինաթափումից, միջուկային թեսթերի արգելումից, ահաբեկչության դեմ պայքարից սկսած մինչեւ վերականգնողական էներգիայի զարգացում:

Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար համագործակցությունն Ատոմային էնեգիայի միջազգային գործակալության հետ:

Ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, եւ մեր երկիրը մեծապես կարեւորում է գործակալության հետ սերտ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւոր բաղկացուցիչ: Գործակալության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս տարվա ապրիլին Հայաստան այցելեց ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն, որը հանդիպումներ ունեցավ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների հետ, ծանոթացավ ատոմակայանի աշխատանքներին: Այցը հաջող էր, մի շարք կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք կապահովեն ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ֆիզիկական պաշտպանության ուժեղացումը: Սեպտեմբերին Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Վիեննայում մասնակցեց ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսին, հանդես եկավ ելույթով եւ երկկողմ հանդիպումներ ունեցավ ինչպես գործակալության ղեկավարության, այնպես էլ այլ երկրների իր գործընկերների հետ: Հաջորդ տարի Հայաստան կայցելեն Գլխավոր տնօրենի 2 տեղակալները, որոնք պատասխանատու են Միջուկային Էներգիայի եւ Տեխնիկական համագործակցության համար: ԱԷՄԳ-ն նաեւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին մի շարք ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման միջոցով. բավականին ծավալուն ծրագրերից են դոզիմետրիկ ստանդարտ լաբորատորիայի հիմնումը, ճառագայթային թերապիայի ծառայությունների ամրապնդումը, ատոմակայանի ծերացման կառավարումը, ատոմակայանի շահագործման ապահովության բարձրացումը եւ այլն: Տարվա ընթացքում գործակալության տարաբնույթ առաքելություններ են այցելում Հայաստան` ուսումնասիրում Երաշխիքների համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Պարոն Կիրակոսյան, կարո՞ղ եք մեր ընթերցողներին հակիրճ կերպով ներկայացնել ՀՀ մշտական ներկայացուցչության համագործակցությունը մյուս միջազգային կազմակերպությունների հետ:

Շատ կարեւոր համագործակցություն է ծավալվել Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) Զարգացման հիմնադրամի (OFID) հետ: Հիմնադրամը $ 20 մլն վարկ է տրամադրել Հայաստանին` գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորման ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Ծրագրի ընդհանուր նպատակը գյուղական համայնքների աղքատության նվազեցումն է: Հիմնադրամի ֆինանսավորմամբ արդեն իրականացվել է Լոռու մարզի գյուղական շրջաններում բնակարանների գազաֆիկացումը: Ներկայումս աշխատանքները շարունակվում են հանրապետության այլ մարզերում:

Մի շարք ծրագրեր են ֆինանսավորվում եւ իրականացվում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ: Դրանցից են` Հայաստանում Արդյունաբերական ինտեգրացիայի գործընթացների աջակցման ծրագիրը, ՓՄՁ-ի եւ սկսնակ գործարարության զարգացման ծրագիրը, որն օժանդակում է Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի խոցելի եւ փախստականներով բնակեցված համայնքների սկսնակ ձեռներեցներին, մասնավորապես` վերապատրաստում նրանց ձեռներեցության եւ գործարարության կառավարման ոլորտում: Առեւտրի ոլորտում կարողությունների ստեղծում ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում Զարգացման հայկական գործակալության ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը: Իրականացվում են ծրագրեր առավել մաքուր արտադրությունների ոլորտում:

ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններ ունի: Գրասնյակը աջակցում է Հայաստանին եւ մյուս անդամ երկրներին կոռուպցիայի, ահաբեկչության, կիբեռհանցավորություն, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների եւ հանցանքների կանխարգելման, մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցում, տրամադրում իրավական եւ տեխնիկական աջակցություն: Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գրոծադիր տնօրենի այցը Հայաստան: Այցի ընթացքում կմեկնարկվի գրասենյակի «Կոնտեյներ» ծրագիրը, որը կաջակցի մաքսային սահմանակետերում համապատասխան միավորի ստեղծմանը, նրանց վերապատրաստմանն ու անհրաժեշտ սարքավորումների տրամադրմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: