• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

2015 Թ. ԱՊՐԻԼԻ 20-26-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

24 ապրիլի, 2015

Ս.թ. ապրիլի 20-ից 26-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում տեղի ունեցան մի շարք քաղաքական և մշակութային բնույթի միջոցառումներ, որոնցից կարևորագույններն էին.

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2015թ. ապրիլի 24-ին Վիեննայի Սուրբ Ստեփանի Մայր տաճարում տեղի ունեցավ էկումենիկ եկեղեցական արարողություն՝ նախագահությամբ Հռոմի Սբ. կաթոլիկ եկեղեցու Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբոռնի, Ավստրիայում գործող հունական, ասորական և ղպտի քրիստոնեական եկեղեցիների, պապական նվիրակ, Ավստրիայի դիվանագիտական կորպուսի դուայեն, արքեպիսկոպոս Պետեր Ցուրբրիգգենի մասնակցությամբ: Համակարգողն էր Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, համագործակցությամբ Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի հասարակական-քաղաքական, եկեղեցական շրջանների ներկայացուցիչներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հազարավոր հանդիսատեսներ:
Սուրբ պատարագի ավարտից հետո Հռոմի Սբ. կաթոլիկ եկեղեցու Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբոռնի նստավայրում Ավստրիայում Հայաստանի դեսպանության կողմից տրվեց ընդունելություն՝ Ավստրիայի քաղաքական-հասարակական, եկեղեցական, լրատվական շրջանների, Ավստրիայում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ:

ՔԱՅԼԱՐՇԱՎ
Նույն օրը երեկոյան, ժամը 19.15-ին մեկնարկեց Հայ Դատի Ավստրիայի մասնաճյուղի կազմակերպած բազմահազարանոց քայլարշավը, որն սկսեց Կարլոս 9-րդի եկեղեցուց, կանգ առավ Վիեննայի օպերային թատրոնի առջև, ապա Վիեննայի կենտրոնական օղակաձև պողոտայով՝ Հոֆբուրգի մոտով շարունակվեց մինչև Ավստրիայի խորհրդարան: Քայլարշավին, որն ուղեկցվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող պաստառներով, հայկական դրոշներով և խորհրդանիշներով, մասնակցում էին Ավստրիայում գործող բոլոր հայկական միությունները, ինչպես նաև քրդական, թուրքական, ասորական, հունական կազմակերպությունների մեծաքանակ ներկայացուցիչներ: Խորհրդարանի առջև ելույթներով հանդես եկան թվարկված կազմակերպությունների ներկայացուցիչները՝ դատապարտելով ցեղասպանության երևույթը, Թուրքիայից պահանջելով ճանաչել եղելությունը և երախտագիտություն հայտնելով Ավստրիայի խորհրդարանին՝ ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1 և կես միլիոն հայերի հիշատակը:
Խորհրդարանի նիստին պաշտոնապես հրավիրված էին և ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արման Կիրակոսյանը, հանձնաժողովի անդամներ: Նիստից հետո դեսպան Կիրակոսյանը հանդիպեց խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր 6 ուժերի նախագահների հետ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ավստրիացի խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այս կարևոր քայլի համար:
Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հայտարարության ընդունմանը ներկա էին Ավստրիայի փոխվարչապետ, Հետազոտությունների, գիտության և էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտտերլեհները, կառավարության այլ անդամներ: Խորհրդարանի ընդունած հայտարարությունը պաշտպանություն գտավ երկրի կառավարության անդամների կողմից, մասնավորապես արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ապրիլի 25-ին հայտարարեց, որ կառավարությունը հարգում է խորհրդարանի ընդունած որոշումը, նույնը հաստատեցին կառավարության այլ անդամներ ևս, այդ թվում Ավստրիայի Արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետտերը:
Նույն օրը երեկոյան ավստրիական հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում, որին հրավիրված էին նաև Ավստրիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված պատմական հայտարարությունից հետո Թուրքիայի կառավարությունը հետ կանչեց դեսպան Հասան Գյոգուշին՝ խորհրդակցությունների նպատակով: Հաղորդմանը մասնակցեցին դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի երրորդ նախագահ Նորբերտ Հոֆերը, ավստրիայի թուրքական համայնքային կառույցի ղեկավարը, ավստրիացի, թուրք և գերմանացի պատմագետներ: Ցուցադրվեց գերմանական ԱՂԵՏ փաստավավերագրական ֆիլմը:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2015 թ. ապրիլ 21-ից 26-ը Վիեննայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի շարք մշակութային իրադարձություններ.
- Բեռլինի գրական ընկերության և Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի թանգարան-ինստիտուտի նախաձեռնած Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ «Համաշխարհային ընթերցումների» շրջանակում Վիեննայում ՀՀ դեսպանությանը կից ՀԱՅԱՍՏԱՆ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Կոնրադ Կունի Եղիշե Չարենցի ստեղծագործությունների վերահրատարակված գերմաներեն հատորի շնորհանդեսը
- Ապրիլ ամսվա ընթացքում Ավստրիայի դաշնային երկրամասերի ութ քաղաքներում տեղի ունեցավ ավստրիաբնակ հայ երաժիշտ Կարեն Ասատրյանի ղեկավարած Armenian Spirit համույթի համերգաշարը
- Ապրիլ 23-25-ը Վիեննայի PORGY & BESS համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր Հայկական երաժշտական եռօրյա փառատոն՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ խորագրի ներքո, որի ընթացքում երեք օր շարունակ հնչում էր հայկական երաժշտություն, ցուցադրվեցին գեղարվեստական ֆիլմեր, եղան գրական ընթերցումներ, գեղանկարչական ցուցահանդեսներ, ներկայացված էր հայկական խոհանոցը
- Ապրիլ 23-ին տեղի ունեցավ հայաստանյան TIME REPORT համույթի համերգը,
- Ցուցադրվեց Արամ Շահբազյանի ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ ֆիլմը՝ Վիգ Ցարտմանի կինոերաժշտությամբ
- Ապրիլի 24-ին ներկայացվեց Կարեն Ասատրյանի ԱՂՈԹՔԻ ԱՆԻՎ պատարագը՝ երգչախմբի և ջազ քառյակի համար
- Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Կարեն Ասատրյանի ղեկավարած Armenian Spirit համույթի համերգը:

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում տեղի ունեցավ Հայաստանի Նորադուս բնակավայրից բերված Խաչքար-հուշարձանի և միաբանության բակում գտնվող վերանորոգված Մատուռ-աղոթավայրի օրհնությունը, որին հաջորդեց 24 նորատունկ ծառերի անվանակոչումը Պատմական Հայաստանի նահանգների և քաղաքների անուններով, այնուհետև տեղի ունեցավ թանգարանի վերանորոգված մասնաբաժնի բացումը՝ հայկական գորգերի, տարազների, յուղանկարների և մետաղագործական իրերի ցուցադրությամբ: Միջոցառմանը ներկաներին ուղղված ելույթներով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Ավստրիայի արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետտերը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: